ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում, փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի մահվանից հետո նրա հայրը եւ եղբայրը քայլեր են ձեռնարկել պարզելու համար, թե որն է եղել Տիգրանի սպանության պատճառը, սակայն ոչ մի պատասխան չի հաջողվել ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրանի մորաքրոջ աղջիկը` Թամարան:
Ավելին` Տիգրանի հարազատներին նույնիսկ չեն տեղեկացրել, որ սույն գործով ձերբակալված կա եւ նրանք էլեկտրոնային լրատվամիջոցներից են տեղեկացել «Եղնիկների» զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանի կալանման մասին: Թամարայի խոսքով, ծնողների հարցերին ի պատասխան ասել են, որ հետաքննություն է ընթանում եւ միայն դրա ավարտից հետո հանգամանքները պարզ կդառնան:
«Սպասում ենք իրենց պատասխանին եւ դատավարությանը: Ծնողները անպայման ցանկանում են, որ ճշմարտությունը պարզվի եւ ոչ մի զիջումներ չի լինելու»,- ասաց Թամարան, հավելելով, որ այս պահի դրությամբ, միանշանակ չեն կարող ասել` ձերբակալված անձն իսկապես մեղավո՞ր է, թե` ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով` մարտի 3-ին ՀՀ Քր.Օ.ր 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը:
Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով Տիգրանի ծնողների առաջարկով մասնակցել էր նրա դիահերձմանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել. զինվորը վնասվածքներն ստացել է մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր: «Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։ Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ զինվորին սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,-ասել էր նա:
Ռուբեն Մարտիրոսյանը երկար տարիների փորձագետ լինելով հանդերձ ազդված էր այս դեպքից. «Շատ դժվար է արյունը լվանալուց հետո, ծեծի արդյունքում սպանված 19-ամյա երիտասարդին տեսնել ցինկի վրա, ով դեռ պետք է ընտանիք ստեղծեր, երջանկանար եւ երջանկացներ իր ընտանիքին: Ավելին, եթե հնարավորություն ունենաք գնալ այդ զորամաս, համոզված եմ, որ կտեսնենք ծեծված եւ խոշտանգված զինվորների, որոնց ասում են ստորագրի այ այստեղ, իսկ թե ինչ են ստորագրելու` այդ զինվորներն էլ չգիտեն: Այսինքն` մի խեղճ ու կրակի կգտնեն ու այդ սպանությունը կջարդեն նրա վրա, որովհետեւ Հայաստանում չկա օրենք, օրինականություն եւ արդարադատություն»,-ասել էր նա:
Հիշեցենք, որ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում էին, որ նախնական տվյալներով, նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից: Իսկ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Նշենք, որ Տիգրան Վարյանը Աբովյանի բնակիչ է եւ զորակոչվել էր 2011թ-ի առաջին զորակոչին` Կոտայքի զինկոմիսարիատից: NEWS.am-ը զրուցել էր նաեւ Տիգրան Վարյանի մորաքրոջ աղջկա` Թամարայի հետ, ով նշել էր. «Ոչ ոք չի հավատում ինքնասպանությանը:
Տիգրանի եղբայրը, ով մեկ տարով է մեծ իրենից, մեկ տարի նույն զորամասում միաժամանակ ծառայել է եղբոր հետ: Իսկ եղբոր զորակոչվելուց մոտավորապես 2 ամիս հետո այդ դեպքն է տեղի ունեցել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























