Երեւանում համառորեն լուրեր են պտտվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Հրապարակ» օրաթերթն այս առնչությամբ գրել է, որ ոստիկանապետի նման քայլի պատճառները մի քանիսն են. Մի կողմից նախագահականում դժգոհ են նրա աշխատանքից, մի շարք գործերով նա ինքնագործունեություն է դրսևորել՝ որոշումները չհամաձայնեցնելով վերադասի հետ։ Մյուս կողմից՝ սա տեղավորվում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կարգի հրավիրելու գործընթացի մեջ, որն ըստ ամենայնի, վերջերս ձեռնարկվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Ըստ թերթի, հայտնի է, որ Ալիկ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է, իսկ ոստիկանապետի պաշտոնը մեր ժամանակներում ամենակարևոր պաշտոններից է, և բնական է, որ նախագահն ուզում է այնտեղ տեսնել անվերապահորեն իրեն նվիրված մարդու:

Թե որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, հայտնի կդառնա մոտ օրերս: