«Այսօր Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, խնդիր կա եկեղեցիները պահելու հետ կապված, քանի որ շատ եկեղեցիներ ֆինանսական պատճառներով դադարում են գործելուց եւ հանձնվում են այս կամ այն հաստատությանը: Եւ երբ այդ ֆոնի վրա կառուցվում են բավականին շատ մզկիթներ, դրանք քրիստոնյաների մոտ առաջացնում են եթե ոչ հակակրանք, ապա առնվազն դժգոհություն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական շարժում» կազմակեպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը՝ մեկնաբանելով փաստը, ըստ որի՝ Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքների համաձայն պետք է արգելվի նոր մինարեների կառուցումը: Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում այդ երկրի բնակչության 57 տոկոսը կողմ է արտահայտվել այդ արգելքը շարունակելուն:
Հարցին, թե որքանո՞վ է նման արգելքը տեղավորվում եվրոպական արժեքային համակարգի մեջ, հատկապես, որ մահմեդական համայնքը պատրաստվում է այդ հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Վ. Ենգիբարյանը պատասխանեց. «Եվրոպական արժեքների համաձայն, մարդիկ հավասար են՝ անկախ իրենց կրոնական պատկանելիության, բայց բոլորս գիտենք, որ իսլամիստական խմբավորումները Եվրոպայում փորձում են մահմեդական փոքրամասնություններին զերծ պահել եվրոպական արժեքների մեջ ինտեգրվելուց: Եթե նրանք կառուցում ենք մզկիթ, որը պետք է եվրոպական արժեքներից զերծ պահի մահմեդական փոքրամասնություններին, ուրեմն արգելելը տեղավորվում է եվրոպական արժեքների մեջ»: Նրա խոսքով, լուրջ խնդիր է նաեւ այն, թե Եվրոպայում ապրող մարդն իրեն ավելի շատ եվրոպացի՞ է համարում, թե՞` մահմեդական:




























