Դպրոցներում ընթացող կուսակցականացումն անընդունելի է: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Վերջինս նաեւ կոչ է արել ծնողներին հանել երեխաներին այն դպրոցներից, որտեղ քողարկված կամ բացահայտ քարոզչություն է ընթանում:

«Չկա ավելի վատ բան, երբ տնօրենը ձայնագողությամբ է հանդես գալիս: Հետո այդ նույն մարդիկ մտնում են դասարան և խոսում հայրենասիրությունից»,- նկատել է Բլեյանը` նշելով, որ հարկավոր է պատժել նաեւ այն ուսուցիչներին, որոնք տնօրենի հրահանգով քարոզչություն են անում:  Բլեյանը նաեւ նշել է, որ ոչ թե ընտրողին են խաբում, այլ ընտրողն է թույլ տալիս, որ իրեն խաբեն:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չես հավատում ոչ ընտրություններին, ոչ էլ անգամ ընտրողներին, որովհետև հաճախ ընտրում են մեկին ասում են, որ ընտրել են մեկ ուրիշի»,- ասել է Բլեյանը` հավելելով, որ բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է համախմբվեն եւ պայքարեն ընտրակեղծիքների դեմ: