Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը նոյեմբերի 29-ին նիստ է գումարել, որի ընթացքում ընտրվել են կուսակցության փոխնախագահներն ու կուսակցության հանձնաժողովների նախագահները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀԿ հերթական՝ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ էր վերընտրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցության փոխնախագահներն ընտրվել են խորհրդի նիստում: Այսուհետ, ինչպես եւ նախկինում, ՀՀԿ փոխնախագահի գործը վստահվել է Գալուստ Սահակյանին, Ռազմիկ Զոհրաբյանին եւ Մուշեղ Լալայանին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձել է ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը՝ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հարություն Փամբուկյանը՝ գործարարների աջակցության հանձնաժողովի նախագահ: