Այս պահին «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները քննարկում են ընկերությունների միջեւ առաջացած իրադրությունը եւ  հետագա գործողությունները: Այդ տեղեկատվությունը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի հարաբերությունները սրվել էին ընթացիկ ամսվա սկզբին: Մարտի 6-ին «Արմավիան» գործադուլ էր հայտարարել` իր գործողությունները մեկնաբանելով օդանավակայանի գնային քաղաքականությամբ:

Իր հերթին, «Միջազգային օդանավակայաններ` Հայաստան» ընկերությունը հայտարարել է, որ ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպությունից ստացված հեռագրի, «Արմավիա» ընկերությանը կուտակված պարտքի պատճառով արգելված է Ռուսաստան չվերթներ իրականացնել եւ ներխուժել նրա օդային տարածք: Ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից շահարկումները եւ անհիմն ու սուտ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է նման իրադրության մեջ: Հենց նույն օրը կայացած բանակցությունների արդյունքում «Արմավիայի» չվերթները վերականգնվել են: