«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը այսօր ռազմավարական համագործակցության եւ գործընկերության համաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդ համաձայնագրի, պետք է կարգավորվի Սոդքի հանքավայրից Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրման փոխշահավետ պայմաններով տրանսպորտային սպասարկման վերաբերյալ կողմերի փոխհարաբերությունները: Ինչպես նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար Շեւքեթ Շայդուլինը, համաձայնագիրը կառուցված է կողմերի փոխհամագործակցության ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք են` համաձայնեցված ծավալների փոխադրումների կազմակերպման ժամանակ տրանսպորտային ծառայության որակի բարձրացումն ու տրանսպորտային ծախսերի օպտիմալացումը:
Նշենք, որ այս երկու ընկերությունները բանակցություններ են վարում Սոդքի հանգավայրից Արարատի հարստացման ֆաբրիկա հանքաքարի փոխադրման ծավալների շուրջ: Նախատեսվում է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղին» լրացուցիչ ներդրումների շնորհիվ Սոդք-Վարդենիս-Հրազդան-Արարատ ճյուղի հնարավորությունները կհասցնի մինչեւ տարեկան 1,5-2 միլիոն տոննա հանքաքարի:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը իր հերթին նշեց, որ իրենք մտադիր են առաջիկա 5 տարում ավելացնել հանքաքարի արդյունահանումն ու մշակումը: Նրա խոսքով, երկու ընկերությունների համագործակցությունը դրական կանդրադառնա թե երկաթուղու, թե իրենց ընկերության գործունեության վրա, որի արդյունքները շատ մոտ ապագայում նկատելի կլինեն:




























