ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը, ժամը 13-ին Մ. Սարյանի արձանի մոտից կազմակերպում է երթ` միասնաբար «Ոչ» ասելու համար անարդարությանն ու ապօրինությանը:
Այս կապակցությամբ Կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Ի հեճուկս Հայաստանի առջեւ օրեցօր ծառացող մարտահրավերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների բազմաթիվ ահազանգերի եւ տարածված հասարակական կարծիքի, Հայաստանում իշխանությունը զավթած հանցախումբն ամեն ինչ անում է՝ կասեցնելու համար երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի:
Այս օրն էլ բանտում են դիմավորելու հանուն Հայաստանի ազատության ու ժողովրդավարացման պայքարի ելած մեր քաղբանտարկյալ ընկերները: Այս օրն էլ ստիպված ենք լինելու արձանագրել, որ մեր երազած Անկախ Հայաստանը, մեր իսկ թողտվությամբ, մի խումբ հանցագործներ վերածել են բանտի` ուր մենք զրկված ենք արդար դատավարության, ընտրելու ու ընտրվելու, ազատ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքներից:
Ակնհայտ է, որ առանց հետեւողական պայքարի՝ մեզանից խլված իրավունքները չեն վերադարձվելու եւ, եթե չենք ուզում, որ մեր զավակներն էլ ապրեն բանտում, պետք է պայքարենք հիմա, պայքարենք անընդհատ»:
Երթի մասնակիցները պահանջելու են անհապաղ ազատ արձակել ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին եւ պատժել 2008թ. մարտի 1-ի ցուցարարների սպանդի կազմակերպիչներին:




























