Հայաստանի կառավարության աշխատակազմը կառավարության հաստատմանն է ներկայացրել հերթական որոշման նախագիծը` մի խումբ եկեղեցականների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եւ տարկետում տալու մասին: Հարցը ներառված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում: Որոշումը վերաբերում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբաններին ու ուսանողներին, եւ Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին, թվով 81 մարդ:
Ըստ որոշման նախագծի` 20-ն ընդհանրապես պետք է ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ մյուսները պետք է տարկետում ստանան մինչեւ 2013 թ. գարնանային զորակոչը:
Թեեւ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս որոշման նախագծի հանդեպ առարկություն չի ներկայացրել, սակայն զուտ իրավական տեսանկյունից դրանում առկա է վրիպակ: Ըստ որոշման նախագծի` եկեղեցականներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի երկրորդ մասի հիմքով: Սակայն օրենքի այդ դրույթը կառավարությանը թույլ է տալիս միայն տարկետում տալ: Ճիշտ ձեւակերպում տալու համար պետք էր վկայակոչել այդ օրենքի 12-րդ հոդվածի գ) կետը:




























