Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 2 բաց նամակներին ու ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի նույնպես հրապարակային պատասխանին անդրադառնալու ցանկություն չեմ ունեցել` հաշվի առնելով, որ այդ բանավեճում տնտեսագիտական մասն ակնհայտ ստորադասված է քաղաքականին: Հիշեցնենք, որ առաջին նամակում Հ. Բագրատյանը քննադատել է ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական մասը` տնտեսական ցուցանիշները սխալ մեթոդոլոգիայով ներկայացնելու համար: Դրան հետեւել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի պատասխանը, որում ընդհակառակը` Հ. Բագրատյանին է մեղադրանք ներկայացվել թվերի մանիպուլյացիա եւ մեթոդական սխալներ անելու համար:
Իր երկրորդ բաց նամակում Հ. Բագրատյանն ընդունել է իր մեթոդական անճշտությունների զգալի մասը, սակայն փոխել է քննադատության վեկտորը` այս անգամ էլ ՀՀ նախագահին մեղադրելով նախընտրական խոստումները չկատարելու մեջ: Թե ինչ կպատասխանի դրան Վ. Արամյանը կամ մեկ այլ ոք` դեռ հայտնի չէ:
Սակայն այդ բանավեճում մի կետ կա, որն անուշադրության մատնել չի կարելի: Խոսքը վերաբերում է պետական բյուջեի բնորոշմանը: Պետական բյուջեից կախված է 100 հազարավոր մարդկանց բարեկեցությունը, ուստի չի կարելի թույլ տալ, որ նախկին կամ ներկա պաշտոնյաները բյուջեն մեկնաբանեն` ինչպես ցանկանում են:
«Բյուջեն պետության աշխատավարձն է»,- իր առաջին նամակում գրել է Հ. Բագրատյանը: Ի պատասխան` ֆինանսների փոխնախարարը գրել է, որ դա անհասկանալի ձեւակերպում է` փիլիսոփայության բնագավառից: «Տնտեսագիտության մեջ բյուջեն երկրի համապատասխան ֆինանսական ռեսուրսների ձեւավորման եւ օգտագործման հիմնական ֆինանսական ծրագիրն է, որի միջոցով իրականացվում են պետության գործառույթները»,- նշել է Վ. Արամյանը` հիմք վերցնելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում առկա ձեւակերպումը: Դրան նախկին վարչապետը պատասխանել է հետեւյալ կերպ. «Դե անհասկանալի է, անհասկանալի է։ Ես ի՞նչ անեմ։ Ավելի պարզ բացատրել անհնարին է։ Ասում եք, բյուջեն ռեսուրսների ձեւավորման եւ օգտագործման ծրագիր է։ Հա դա էլ է։ Դասագրքերում գուցեեւ նման արտահայտություն կա։ Բայց դա չի նշանակում, որ բյուջեն պետության աշխատավարձը կամ եկամուտները չէ»։
Հիմա անցնենք այս բանավեճի մասնագիտական գնահատականին: Նախ` տնտեսագիտությունը չի հորինել բյուջեի միասնական, բոլորի համար ընդունելի ձեւակերպում: Անընդհատ ի հայտ են գալիս նոր ձեւակերպումներ, ու Հ. Բագրատյանի այդ նոր ձեւակերպումը կյանքի իրավունք ունի: Բյուջեն ունի եւ տնտեսագիտական, եւ իրավական, եւ քաղաքական բովանդակություն: Եթե բյուջեին տնտեսագիտական գնահատական են տալիս, ինչպես «բյուջեն պետության աշխատավարձն է», ապա չի կարելի դրան պատասխանել իրավական սահմանումով, ու դրանով իբր բանավեճը փակել:
Շատ ավելի կարեւոր է բացատրել, թե ինչ է թաքցնում այդ «բյուջեն պետության աշխատավարձն է» արտահայտությունը: Իսկ ձեւակերպումն այնքան էլ առաջադիմականների թվին չի դասվում: Այդ ձեւակերպման հիմքը կոմունիստական «բյուջեն պետության ֆինանսական պլանն է» մոտեցումն է: Սա նշանակում է, որ պետական չինովնիկն իրավունք է ստանում կամայականորեն բաշխել բյուջեն (իր աշխատավարձն է` ինչ ուզի, կանի): Այդպես վարվում էին կոմունիստների իշխանության ժամանակ, երբ հանրությունը ընդհանրապես տեղյակ չէր բյուջեից: Այդպես վարվում էին Հ. Բագրատյանի վարչապետության տարիներին, երբ խորհրդարանին բյուջեն ու դրա հաշվետվությունը ներկայացվում էին մի քանի էջի վրա ու հաստատվում միայն պաշտպանության ու ներքին գործերի նախարարների ջանքերի ու ներկայության շնորհիվ: Եթե նախկին վարչապետը ցանկանում է վերականգնել նախկին ավանդույթները` ապա դա միանշանակ ողջունելի չէ: Պատահական չէ, որ Հ. Բագրատյանի վարչապետության տարիներին բյուջեները կազմում էին մնացորդային սկզբունքով` յուղոտ պատառները իրար միջեւ բաժանելուց հետո մնացորդը չնչին թոշակների ու աշխատավարձերի տեսքով ու զգալի ուշացումներով հատկացնում էին թոշակառուներին կամ ուսուցիչներին:
Ցանկացած երկրում բյուջեի աղբյուրը ազգային հարստությունն է, այդ պատճառով բյուջեն առաջադիմական երկրներում դիտարկվում է ոչ թե որպես պետության աշխատավարձ (եկամուտ), այլ հասարակության փողը, որը բաշխվում է պետության խողովակներով: Դրանք երկու հակադիր մոտեցումներ են, քանի որ առաջինը ենթադրում է հասարակության կտրվածությունը բյուջետային գործընթացներից, իսկ երկրորդը` հասարակության ամենալայն ընդգրկվածությունը դրանում: Այսպիսով` բյուջեի տնտեսագիտական բովանդակությունը նրա բաշխողական բնույթն է, այլ ոչ թե պետության սեփականության ընդգծումը, ինչը բնորոշ է կոմունիստներին:
Սամվել Ավագյան




























