Լոռիի մարզում, մարտի 19-20-ին մեծ թվով հրդեհների բռնկման դեպքեր են արձանագրվել: Ինչպես NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հենվելով

Լոռիի մարզային փրկարական վարչության տվյալներով, մարտի 19-ին Լոռիի մարզում գրանցված առաջին հրդեհը Ալավերդի քաղաքի թիվ 6 մանկապարտեզի տանիքում է եղել, ինչի արդյունքում այրվել են տանիքի փայտե կառուցվածքները` մոտ 220 քմ մակերեսով:

Հրդեհի հաջորդ դեպքը գրանցվել է մարզկենտրոն Վանաձորում, որտեղ, Սարի Թաղ կոչվող թաղամասի երկրորդ փողոցում հրդեհվել է Ռուբեն Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի 45 քմ տանիքն ամբողջությամբ, այնտեղ տեղակայված 1,5 տոննա անասնակերի հետ միասին: Նույն օրը գրանցվել են նաեւ չոր խոտածածկույթի այրման միանգամից մի քանի, ինչպես նաեւ անտառային հրդեհի  դեպքեր: Դրանցից առաջինը գրանցվել է մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում, այրված տարածքը կազմում է մոտ 2 հա, հաջորդը` Տաշիր քաղաքում, Երեւանյան խճուղի թիվ 1 տարածքին հարակից վայրում, այնուհետեւ Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, որտեղ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, ներառելով թփուտներ, մասամբ նաեւ ծառեր: 

Մարտի 19-ին գրանցված չոր խոտածածկույթի այրման վերջին դեպքը  Տաշիրի տարածաշրջանի Ձորամուտ եւ Գոգավան համայնքների միջեւ ընկած տարածքում է եղել, հրդեհի արդյունքում այրվել է 7 հա տարածք եւ 30 եղեւնի:

Լոռիի մարզում այսօր էլ մի քանի հրդեհների դեպքեր են գրանցվել: Դրանցից առաջինը` Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցում, որտեղ այրվել է Սեյրան Քոչինյանին պատկանող 2/3 մ չափսերով ոչ բնակելի տնակը, հրդեհի արդյունքում այրվել են տանիքի ու պատերի 2 քմ տարածք, ու տնակում գտնվող  ոչ կենցաղային իրերը: Հաջորդ դեպքը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին է եղել, այրվել է 1,5 հա չոր խոտածածկույթ:

Այս պահի դրությամբ, Լոռիի մարզում այսօրվա վերջին դեպքը Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում է արձանագրվել, այրվել է Սիլվա Բոշյանին պատկանող 2000 քմ այգին ու Արեւ Բաղդասարյանին պատկանող 3/3 մ չափսերով անասնագոմի տանիքից 6 քմ հատված:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի