ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն առաջադրելու է իր թեկնածությունը Երեւանի թիվ 8 ընտրատարածքում, որը զբաղեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասը եւ Շենգավիթ վարչական շրջանի մի մասը: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ կցանկանար շարունակել օրենսդրական գործունեությունը (նա նախկինում եղել է նաեւ ԱԺ պատգամավոր):
«Ես ինձ իրավունք եմ վերապահում այդ նույն տարածքում հայտ ներկայացնել: Համոզված եմ, որ հաղթելու հավանականուջթյունը բավականին մեծ է»,- նշեց նա: Վահագն Խաչատրյանը գիտի, որ ունի մեկ մրցակից՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանը, եւ «վախենալու խնդիր չունի»:
Նա չցանկացավ գնահատականներ տալ կուսակցությունների համամասնական ցուցակներին, սակայն համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ի ցուցակը լավն է լինելու, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կազմել: «Ես չեմ կասկածում, որ ՀԱԿ-ում ընդգրկված կլինեն այնպիսի մարդիկ, որոնք արժանի են ԱԺ-ում աշխատելու, պատրաստ են օրենսդիր գործունեությանը»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























