Եթե ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նորից Երեւանի քաղաքապետ դառնար, ապա առաջին հերթին կվերականգներ կանաչ տարածքներն ամենուր, որտեղ որ հնարավոր է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ինքը` Վահագն Խաչատրյանը:

Գնահատելով Երեւանի վերջին երկու քաղաքապետների՝ Կարեն Կարապետյանի եւ Տարոն Մարգարյանի գործունեությունը, նա նշեց, որ իր համար անտանելի էր դարձել Կարեն Կարապետյանի աշխատելաոճը, իսկ Տարոն Մարգարյանը շարունակում է նրա գործունեությունը:  «Քաղաքը ուղղակի կործանել են, 90-ականների Երեւանն ավելի մեծ հեռանակարներ ուներ, քան այսօր»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե Տարոն Մարգարյանը սիրեր Երեւանը, ապա կլիներ Մաշտոցի այգում՝ շինարարության դեմ պայքարող երիտասարդների կողքին: 

Նրա խոսքով՝ նրանք իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ երեւանցին իրավունք չունի կանաչ քաղաք, կանաչ տարածքներ ունենալու, պետք է ապրի Հյուսիսային պողոտայի պես վայրերում: