Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի կմասնակցի «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով, որը ոչ մեկից վերցված չէ: Այս մասին, այսօր` մարտի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Արձագանքելով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, նա ասաց. «Մեծամասնությունը մեկ հնարվորություն ունի իր կարգախոսի հարցում համոզելու հասարակությանը` փոխվել, որ ժողովուրդը հավատա: Դա ուրիշ կլինի»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ հիշեց ժողովրդական խոսքը, նշելով. «Աչքը տեսածին է հավատում: Այսինքն, ժողովուրդն ինչ տեսել է, նրան էլ հավատալու է: Խոսքով չեն բերի հավատի»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հավատում են, որ իշխանությունները ուզում են երկրի լավը, սակայն չեն հավատում, որ նրանք ուզում են փոխել իրավիճակը:
«Դրան մենք չենք հավատում եւ դրա համար գնում ենք ամբողջական իշխանափոխության եւ արմատական իշխանափոխության, որովհետեւ չենք հավատում, որ այս իշխանությունները իրենց ունեցած կազմով կարող են փոխել իրավիճակը: Հլը մի հատ իրենց համամասնական ցանկը նայեք: Ի՞նչ փոփոխության շունչ կարող է ներշնչվել ՀՀ քաղաքացու մեջ, տեսնելով նույն անունները: Մի երկուսն էլ ավելացել են, որոնք ընդհանրապես դեռ պետք է «face control» անցնեն»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























