Քանաքեռ-Զեյթունի՝ թիվ 3 ընտրատարածքում, սպասվում է թեժ պայքար Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ Հանրապետականի թեկնածուն «Քեթրին Գրուպ»-ի նախկին տնօրեն, ՀՀԿ անդամ Արթուր Ստեփանյանն է։ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն՝ գործարար Աշոտ Տոնոյանն է, ով «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն է։

Ի դեպ, ժամանակին լուրեր էին տարածվել, որ նա այլեւս չի վայելում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բարեհաճությունը։ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հանրապետականի թեկնածուի հետ, եւ պարզել Ստեփանյանի քաղաքականություն անցնելու պատճառները։ Թեկնածուն նշել է, որ խորհրդարան անցնելու որոշումը նախորդ տարիների գործունեության տրամաբանական շարունակությունն է, քանի որ մշտապես զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ: Եվ ընտրվելու դեպքում մի քանի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։ «Օրինակ՝ քաղաքացին բանկից վարկ է վերցրել` գրավադրելով սեփական տունը։ Չկարողանալով վարկը մարել` ընտանիքով հայտնվել են փողոցում։ Նման վիճակում հայտնված մարդիկ քիչ չեն։ Այս խնդիրն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի։ Մենք նաեւ միջազգային փորձն ենք ուսումնասիրել։ ԱՄՆ-ում, օրինակ, գոյություն ունի «վերջին հույսի կացարան» հասկացությունը, ու բանկն իրավունք չունի այն վերցնել քաղաքացուց։ Բնակարանային ապահովվածության խնդիրը մի շարք հարցերի լուծում է տալիս՝ կայուն զարգացում, բարեկեցություն, ինչու չէ` նաեւ  ապագայի  երաշխիքներ:

Ես  այն դիտարկում եմ ե՛ւ հանրապետության, ե՛ւ  համայնքի  մասշտաբով: Այս եւ նմանատիպ այլ խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք կունենան, կլինեն իմ օրենսդրական գործունեության առանցքում, եթե ստանամ համայնքի բնակիչների վստահության քվեն»,- ասել է ՀՀԿ թեկնածուն։

Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ ընտրությունները չեն կեղծվի, Ստեփանյանը վստահեցրել է, որ անձամբ ինքը հետեւելու է, որ այն անցնի ազատ ու արդար։ «ՀՀԿ-ն եւ անձամբ ես ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրությունները լինեն ազատ եւ արդար, առաջին հերթին` անկաշառ քարոզարշավ ապահովվի։ Մեր նպատակն է, որ բոլոր նախաձեռնությունների արդյունքում կարողանանք քաղաքացիներին արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ապահովել, որին կհասնենք միայն արդար ընտրությունների միջոցով եւ քրտանաջան, հետեւողական աշխատանքի շնորհիվ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ բացի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուներից, թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ ՕԵԿ-անդամ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանը։