Վերջին շրջանում Հայաստանում եւ տարածաշրջանում ավելացել է երկրաշարժերի թիվը: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը մարտի 15-ից մինչեւ 21-ը գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Մարտունի քաղաքից 13 կմ հարավ-արեւելք: Իսկ տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ:
Սեյսմիկ ռիսկերի ավելացման, դրանց պատճառների, երկրաշարժերի կանխատեսման եւ մի շարք այլ թեմաներով NEWS.am-ը զրուցել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանի հետ:
Սեյսմիկ ռիսկերը մեծացե՞լ են, թե՞ ոչ, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:
Սեյսմիկ ռիսկերի մեծանալը պայմանավորված է ոչ թե փոքր, թույլ երկրաշարժերով, որովհետեւ դրանք իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում այլ հետագայում` որոշակի ժամանակահատված հետո սպասվող ուժեղ երկրաշարժերով: Ռիսկերի մեծացումները պայմանավորված են նրանով, որ զարգանում են խոշոր բնակավայրերը, մեծանում են շենքերի եւ բնակչության թիվը, այդ դեպքում կարող ենք խոսել ռիսկերի մեծացման մասին: Իհարկե, սեյսմիկ ռիսկերը մեծանում են Հայաստանում, որովհետեւ զարգանում են քաղաքները, կառուցվում են շենքեր, շինություններ: Հակառակ դեպքում ռիսկերը գոյություն չեն ունենա, ռիսկերը մեծանում են այն դեպքում, երբ մենք ունենք ուժեղ երկրաշարժի հավանականություն այն վայրերում, որտեղ կա շենքերի, շինությունների աճ եւ մարդկային զոհերի հավանականություն:
Կարծիք կա, որ թույլ ցնցումները ուժեղ երկրաշարժերի հիմք են: Որքանո՞վ է գիտականորեն հիմնավորված դա:
Դրանք ոչ թե հիմք են, այլ առանձին դեպքերում կարող են լինել պարզապես էներգիայի անջատում, թույլ երկրաշարժերի փնջերը կարող են լինել նաեւ երկրաշարժերի նախանշաններ: Այդպիսի ուսումնասիրություններ արված են եւ լուրջ հիմնավորում է տրված: Եթե կա նախացնցում, կամ նախացնցումներ արտահայտությունը, նշանակում է` թույլ երկրաշարժը առանձին դեպքերում առանձին տարածքների համար կարող է վտանգ ներկայացնել, որովհետեւ դա երկրաշարժի նախապատրաստման մասին է խոսում: Դա հիմնավորված է, իսկապես, թույլ երկրաշարժերը կարող են լինել նախանշաններ: Իսկ թե որքանով է դա նախանշան, նորից պայմանավորված է տարածքի առանձնահատկություններով: Այն ամեն ինչը, որ դիտվում է մեր երկրում, իսկապես փաստում է,որ թույլ երկրաշարժերը հաճախացել են Հայաստանում, որովհետեւ դա բոլորը զգում են եւ ավելի հաճախ են զգում, քան նախկինում էր: Այս պահի դրությամբ Սեյսմիկ ծառայությունը շրջակա տարածքներից ստանում է տեղեկատվություն հնարավոր ռիսկային դաշտերի մասին, մենք վտանգավոր փոփոխություններ չենք տեսնում, դա նշանակում է, որ այս պահի դրությամբ մենք անհանգստանալու հիմք չունենք: Եւ հետո,որեւէ ուժեղ երկրաշարժ չի կարող առանց լուրջ նախապատրաստական փորձի եւ առանց լուրջ անոմալիաների լինի, այդպիսի անոմալիաներ չկան, դա նշանակում է, որ այս պահի դրությամբ մենք անհանգստանալու որեւէ հիմք չունենք:
Հնարավո՞ր է կանխատեսել երկրաշարժը եւ ինչպե՞ս:
Առանձին դեպքերում հնարավոր է կանխատեսել երկրաշարժը, ամբողջ խնդիրը նրանում է, թե դրանք որ երկրաշարժերն են, ինչ ուժի են: Բայց ոչ բոլոր ուժեղ երկրաշարժերն են, որ հնարավոր է կանխատեսել, դա չափազանց բարդ խնդիր է: Շատ հաճախ լինում է երկրաշարժի բոլոր նախանշանները, բայց երկրաշարժը տեղի չի ունենում, այդպիսի դեպքեր մարդկությանը հայտնի են: Ամենազարգացած երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում, արվել են կանխատեսումներ, սակայն երկրաշարժերը չեն իրականացնել: Երբեմն տեղի են ունենում երկրաշարժեր առանց նախանշանների: Փաստորեն, երկրաշարժերը կանխատեսելի են` նայած, թե որ տիպի երկրաշարժերն են, բայց դա այսօրվա ամենաբարդ խնդիրն է: Հայաստանում այսօր ամեն ինչ արվում է սեյսմիկ վտանգի գնահատման համար, հավատացեք, այն ամենը, ինչ այս պահի դրությամբ հնարավոր է անել, արվում է:
Կարծիք կա, որ նոր կառուցվող շենքերը, հների համեմատ, այդքան էլ սեյսմակայուն չեն, ի՞նչ կասեք այս մասին:
Նոր կառուցվող շենքերը տարբեր տիպայնության են, յուրաքանչյուրին բնորոշ է առանձին սեյսմակայունություն` պայմանավորված, թե ինչ տիպի է այն, որտեղ է կառուցված: Պետք է կոնկրետացնել եւ ասել, թե որ տիպի, որտեղ կառուցվող շենքն է, այդ դեպքում է միայն հնարավոր պարզել: Մեկ բան հստակ է, Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում, դրանով ամեն ինչ կարծես ասված է:
Ի՞նչ խորհուրդ կտայիք ազգաբնակչությանը, ի՞նչ անել:
Գոյություն ունեն ամենատարբեր ձեռնարկներ, կազմակերպվում են բազմապիսի ուսուցողական ծրագրեր, ԱԻՆ-ի առանձին ստորաբաժանումների կողմից կազմակերպվում է այդ ուսուցումը` մանկապարտեզից մինչեւ հյուրանոցներ եւ այլն, պարզապես անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր անցնում են այդ ուսուցումը, կյանքի կոչեն իրենց գիտելիքները իրենց ընտանիքներում, շրջապատում, այդ դեպքում մենք բավականաչափ պաշտպանված կլինենք: Հարկավոր է նաեւ հետեւել մասնագետների խորհուրդներին, մասնավորապես` շենքերում ձեւափոխություններ չանել, շենքերը կառուցել անվտանգ տեղերում եւ կառուցել անվտանգ տիպային շենքեր, չփակել հիմնական ելքերը, ճիշտ կահավորել, ծանր կահույքը չամրացնել պատերին եւ այլն, խորհուրդները շատ-շատ են:
Զրուցեց Ինգա Մարտինյանը



























