Ադրբեջանը մի երկիր է, որը դեռ գտնվում է իր ժողովրդավարական հաստատությունների զարգացման ճանապարհին: Այդ մասին դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություննների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Շանես Լենարչիչը:

Նրա խոսքով, այդ երկիրը դեռ գտնվում է ժողովրդավարական հաստատությունների ամրացման ճանապարհին. «Մենք սերտորեն աշխատում ենք ադրբեջանական իշխանությունների հետ եւ փորձում ենք այդ գործընթացն առաջ մղել անհրաժեշտ ուղղությամբ»:

Ընդ որում, պատասխանելով հարցին, կա՞ արդյոք բարելավում այդ ոլորտում, Լենարչիչը նկատել է, թե իրավիճակի լավացման տեմպերը կարող էին ավելի լավ լինել, քան կան: «Ես կոչ եմ անում նայել մեր՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցը, որտեղ մենք նշել են ընտրությունների ժամանակ կատարված խախտումները եւ այդ կապակցությամբ խորհուրդներ ենք տվել»,- հայտարարել է Լենարչիչը:

Ինչպես նշել է եվրապաշտոնյան, ադրբեջանական իշխանությունները պետք է լսեն այդ խորհուրդները: Նա նաեւ հայտնել է, թե վերջերս նամակ է ուղարկել Բաքու, որում կրկին պատրաստակամություն է հայտնել դրանց կատարման ուղղությամբ աշխատել ադրբեջանական իշխանությունների հետ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը հավելել է, թե այսօր իսկը ժամանակն է լավացնել այդ ոլորտը՝ հույս հայտնելով, որ «Հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն»: