Հայ հեղափոխական դաշնակցությունը խախտումներ է արձանագրել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրերի ընդունման կարգում՝ հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր վավերացման օրինակով: Ինչպես հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը, իրենք համապատասխան բացատրությունների համար դիմել են ԱԳՆ, սակայն այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չեն ստացել:

«Մեզ չի բավարարել ԱԳՆ պատասխանը, եւ շուտով մենք համապատասխան փաստաթուղթ ենք պատրաստելու, որում կներկայացնենք հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի սահմանադրությանը չհամապատասխանելու, նաեւ ընդունման կարգում կատարված խախտումների բոլոր փաստերը»,- նկատեց նա: Կարծելով, որ այդ արձանագրությունների գոյության համար մեղավոր է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Արտյուշա Շահբազյանը չբացառեց, որ Հայաստանի ԱԳՆ-ի դեմ դատական հայց կարող է ներկայացվել:

Պատգամավորի խոսքով, այսօր «թիվ մեկ» խնդիրն է հասնել նրան, որ ՍԴ-ն այդ փաստաթղթերը հակասահմանադրական ճանաչի: Եթե դա տեղի չունենա, Շահբազյանը խոստանում, որ բոլոր ջանքերը կուղղվեն դիմագրավելու այդ փաստաթղթերի վավերացմանը խորհրդարանում: Նա հայտնեց, որ կուսակցությունը ակցիա է պատրաստում, որի տրամաբանությունն այն է, թե ընտրողները, որոնց ձայների շնորհիվ այս կամ այն անձինք պատգամավորական մանդատներ են ստացել՝ դիմեն խորհրդարանականներին՝ դեմ քվեարկելու համար այդ արձանագրություններին:

ՀՅԴ-ն իշխանափոխությունը ծայրահեղ միջոց է համարում եւ դրան կդիմի, երբ արձանագրություններին օրինական ճանապարհով դիմագրավելու բոլոր միջոցները սպառվեն: