News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական ծրագրի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Դուդուկի փառատոնը նաեւ եզրափակում էր  «Իմ Հայաստան» փառատոնը, որը տեւեց  5 ամիս: Փառատոնի ընթացքում հայրենիքում ելույթներով հանդես եկան ավելի քան 3000 մասնակից, ովքեր կայացել ու հաստատվել էին այլ երկրներում եւ տարիներ շարունակ հնարավորություն չէին ունեցել ելույթ ունենալ հայաստանյան բեմերում: Փառատոնը միավորել էր բացառիկ արվեստագետների :

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դուդուկի փառատոնը Հայաստան էր բերել շուրջ 10 անվանի դուդուկահարների՝ աշխարհի տարբեր ծայրերից: Փառատոնի մասնակիցները համերգներ ունեցան ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում եւ Գավառում:

Դուդուկի փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը դուդուկահարներին նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Ցուցադրված վավերագրական ֆիլմում արժեւորվեցին այն հայ կատարողները, ում ստեղծագործությունները հնչում են աշխարհահռչակ ֆիլմերում, հիշատակվեցին բոլոր ժամանակների երախտավոր կատարողները:

Ելույթ ունեցան արտերկրից ժամանած եւ հայաստանցի դուդուկահարներ: Ժողովրդական երգերի կատարմամբ հանդես եկան  Գուրգեն Դաբաղյանը, Եվա Թաշչյանը, Հայկուհի Բաբախանյանը: Համերգի վերջում հնչեց սփյուռքից ժամանած դուդուկահարների համատեղ խորհրդանշական կատարումը:

Ասմունքով հանդես եկան սիրիահայ Սալգիս Բալխյանը եւ Անուշ Նագաշյանը:

Փառատոնի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հպարտությամբ փաստեց, որ մենք՝ հայերս ենք դուդուկի համաշխարհային  մշակույթի կրողը: Նախարարը կոչ արեց փառաբանելու դուդուկի վարպետներին, ում միջոցով դուդուկը համաշխարհային անուն է վայելում, հնչում է աշխարհի բեմերում, եւ ովքեր այսօր իրենց շուրջը համախմբում են այն երիտասարդներին, որոնք դուդուկը տանում են դեպի հավերժություն:

Դիմելով Դուդուկի փառատոնի մասնակից կատարողներին՝ նախարարը նշեց. «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք Սփյուռքի նախարարության հրավերը՝ միասին փառաբանելու դուդուկը: Այսպիսով դուք դարձաք նաեւ փառատոնի հիմնադիրները մի բեմում, որտեղ  միախառնվում են հայրենիքն ու սփյուռքը»:

Նախարարն «Իմ Հայաստան» փառատոնի մասնակցության հավաստագրեր եւ խորհրդանշական նվերներ հանձնեց բոլոր մասնակիցներին՝ հույս հայտելով կրկին հանդիպել 2014 թվականին ծրագրված հերթական «Իմ Հայաստան» փառատոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ