iPad mini նոր պլանշետի առավել բարձր գինը պայմանավորված է գնորդների՝ որակի դիմաց վճարելու պատրաստակամությամբ:
Այդ մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Apple-ի մարքեթինգի ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը:
Ըստ Apple-ի` օգտնվողները iPad-ը կընկալեն որպես առաջին կարգի արտադրանք, որի դիմաց արժե վճարել:
Apple-ը մեծ հույսեր է կապում կրթական շուկայի հետ: Ըստ ընկերության` ոչ թանկ եւ թեթեւ պլանշետը հենց այն է, ինչն այսօր պակասում է դպրոցներում եւ բուհերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Apple-ը 7,9 դյույմ էկրանով iPad mini պլանշետը ներկայացրել է հոկտեմբերի 23-ին: Սարքի 329-ից մինչեւ 659 դոլար արժեքն անակնկալ էր շուկայի համար եւ դարձավ Nasdaq-ում ընկերության արժեթղթերի մինչեւ 3,5% ` 611,7 դոլար, նվազելու պատճառը` անմիջապես շնորհանդեսից հետո:
Համեմատության համար` մրցակցող Android պլատֆորմով պլանշետների գինը, այդ թվում Google Nexus 7-ը եւ Kindle Fire HD-ն, չի գերազանցում 200 դոլարը: Միաժամանակ iPad mini-ն մրցակից սարքերից բարակ է եւ թեթեւ, բացի այդ, Apple-ը ներկայացրել է բջջային կապի մոդուլով սարքի տարբերակը, որը չունեն Google-ի եւ Amazon-ի 7 դյույմանոց պլանշետները:
iPad mini-ն ԱՄՆ-ում եւ եւս երեք տասնյակ երկրներում վաճառքի կհանվի նոյեմբերի 2-ին: Ընդ որում, սկզբնական ժամանակահատվածում վաճառքում կլինեն միայն Wi-Fi-ով մոդելները: Նախնական պատվերների ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից:
Wi-Fi-ով մոդելներն ԱՄՆ-ում կարժենան 329-529 դոլար, իսկ LTE-ցանցերի լրացուցիչ համալրմամբ` 459-659 դոլար: Օգտվողները կարող են ընտրել սեւ կամ սպիտակ կորպուսով սարքեր:





























