News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների կողմից բարձրացվող հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների եւ լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել:

«Ընդունելությունների դիտարկումը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես ինչ խնդիրներ են մտահոգում մեր բնակիչներին: Սա նաեւ լավ հնարավորություն է կրկնվող կամ առայժմ չլուծված հարցերը տեսնելու համար, ինչը կնպաստի, որպեսզի կարողանանք առաջադրված այդ հարցադրումներին օպերատիվ լուծում տալ»,- ընդգծել է քաղաքապետը:

Հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու, ինչպես նաեւ բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երեւան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու աշխատանքների ուղղությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է ծխելու 21, չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման 18 դեպք: Անցկացվել է նաեւ 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաեւ, որ միկրոավտոբուսային համար 44 եւ 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչեւ այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների հետ կապված բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այդ նպատակով մայրաքաղաքային տնկարանում առաջին փուլով աճեցվում են ավելի քան կես միլիոն ծաղկասածիլներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ապօրինի ծառահատման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ, ընդգծելով, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին տրվել են լիազորություններ կանաչ տարածքները վնասելու եւ ոչնչացնելու դեպքում կիրառել վարչական խիստ տույժեր: Քաղաքապետը նաեւ վերահաստատել է, որ կանաչ տարածքների ու ծառերի հաշվին մայրաքաղաքում շինարարական որեւէ թույլտվություն չի տրամադրվելու:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ աշխատանքներ տանել քաղաքաշինական ծրագրերի շինթույլտվությունների տրամադրման ժամկետների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով հասանելի դարձնելու եւ համապատասխան տեղակատվական բազայի ձեւավորման ուղղությամբ:

Անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը, իսկ մայրաքաղաքի երկու դպրոցներում դրամահավաքության փորձի մասին քաղաքացիների կողմից հնչեցված ահազանգերի հիմքով տվյալ կրթօջախների տնօրեններին հայտարարել խիստ նկատողություն:

Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների եւ ժայռային հատվածների արտաքին գեղավեստական լուսավորության հետ կապված հանձնարարվել է իրականացնել գույքագրում` ծրագրի իրականացմանը ներգրավելով մասնավոր ընկերություններին:

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում կկազմակերպվեն տարատեսակ տոնական միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ