Երեւանում, այսօր` մարտի 1-ին, մեկնարկել է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երեւանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը եւ Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից եւ արտերկրից, ինչպես նաեւ այլ շահառուներ: Կովկասյան զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը խթանում է զբոսաշրջությունը եւ իր շուրջը համախմբում Երեւանից եւ Հայաստանի մարզերից եկող շուրջ 18 հազար այցելուների:
1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման եւ գործնական կապերի հաստատման հարթակ:
Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին մասնակցում են զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից:
Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական եւ միջազգային ընկերությունների հետ, տեղեկանալու ոլորտի նորություններին եւ զբոսաշրջային ապրանքին, ներկայացնելու իրենց բիզնեսները եւ տեղում վաճառելու զբոսաշրջային փաթեթներն ու ծառայությունները:
Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների եւ շրջանավարտների համար, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է:




























