Գյումրիում հայտնի «Քավոր Հարութի» որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, ազատության մեջ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ասաց, որ Գեւորգ Խաչատրյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ, իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը որոշում է կայացրել եւ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրա նկատմամբ համաներում չի կիրառվել, հայտնի չէ՝ կկիրառվի, թե ոչ:
NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ «Քավոր Հարութի» հետ, իմանալ՝ ինչպես է որդին, սակայն, վերջինս, տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, անմիջապես անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:




























