News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Չիպրիանի սրահում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հերթական տարեկան ճաշկերույթ-դրամահավաքը, որը հոբելյանական` թվով տասներորդն է: Ներկայացուցչական միջոցառման ընթացքում, որին մասնակցում են հիմնադրամի նվիրատուներն ու աջակիցները, անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք, կազմակերպվում է հիմնական դրամահավաքը, որի արդյունքում, ինչպես նաեւ այլ հանգանակություններից գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզերի առավել կարիքավոր համայնքների զարգացման ծրագրերին:

Այս անգամ միջոցառման գլխավոր վարողներն են ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող «Screen Actors Guild» մրցանակակիր դերասան Վիկտոր Գարբերն  ու  «Tony», «Emmy» հեղինակավոր մրցանակների արժանացած դերասանուհի Անդրեա Մարտինը, ով, ի դեպ, հայկական արմատներ ունի: Միջոցառման մասնակիցներին իրենց կատարումներով կներկայանան Հայաստանից հատուկ այդ նպատակով ժամանած դպրոցականները` ջութակահար Պոլինա Շարաֆյանը, դաշնակահար Սուսաննա Էլոյանը եւ վոկալ կատարումով` Նարեկ Բալդրյանը: Իրենց համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կատարվող աշխատանքները կներկայացնեն 16-ամյա Անահիտ Վարդանյանն ու Ներսես Խաչատրյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից:

«Տասը տարի է, ինչ COAF-ն իր շարունակական ամենատարբեր բնույթի զարգացման ծրագրերն է իրականացնում հանրապետության գյուղական համայնքներում, որոնց թիվն այժմ հասնում է 11-ի: Առաջիկա հոբելյանական ճաշկերույթ-դրահավաքով մեկնարկ է տրվելու հիմնադրամի նոր նպատակային ծրագրին, որի հեռագնա խնդիրն է լինելու հաջորդ տասը տարիների ընթացքում շահառու համայնքների թիվը հասցնել 100-ի», - ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Տպել
Ամենաշատ