News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Գառնու հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սեզոնային սրճարան չի կարող կառուցել, քանի որ սա հատուկ պահպանվող տարածք է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, որն այսօր՝ դեկտեմբերի 11-ին երկրորդ անգամ մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի սրճարանի կառուցման թույլտվություն տալու դիմումը։

«Նորից գրություն էին գրել ինձ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել: Այսօր առավոտյան նրանց գրավոր պատասխանել եմ, որ սա հատուկ պահպանվող տարածք է, հողային օրենսգրքի համաձայն` կատեգորիան պետք է փոխվի հասարակական կառուցապատման համար, այսինքն՝ պետք է դառնա հասարակական տարածք: Ըստ օրենքի` հատուկ պահպանվող տարածքի կատեգորիան չի փոխվում: Այնպես որ, մենք չենք կարող փաստաթղթերը տալ: Այս անգամ էլ ես տարբերակ գտա նրանց մերժելու»,- ասաց գյուղապետը:

Վարդանյանի խոսքով` այս պահին տաճարի տարածքում շինարարություն չի ընթանում. «Ցուրտ ա, դրա համար էլ չեն անում, բայց ավազն ու ցեմենտը դեռ էնտեղ լցված են»:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է և կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է և դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ:

Տպել
Ամենաշատ