Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից: NEWS.am-ի թղթակցին ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Մեր տեղեկություններով՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում ավարտվել է զինծառայողի դատահոգեբուժական փորձաքննությունը, որի եզրակացության համաձայն՝ նա պիտանի չէ ծառայության, ըստ այդմ՝ զորացրվել է:

Քննչական ծառայությունից մեզ հայտնեցին, որ գործի շրջանակներում մյուս մեղադրյալները՝ Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը, գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կալանքի տակ: Նրանց  դատահոգեբուժական փորձաքննությունը ավատվել է, սակայն դեռ եզրակացությունը պատրաստ չէ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել էին: