Ի տարբերություն Հարություն Քուշկյանի՝ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կողմից նախարար նշանակվելու առաջարկ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը: «Ոչ, նման խոսակցություն չի եղել, չկա նման բան»,-նշեց նա:

Վարդան Վարդանյանը նորմալ է վերաբերում Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ Առողջապահության նախարար նշանակվելուն: «Ղարաբաղին օգնելու համար ինչ էլ որ լինի, նորմալ է: Քուշկյանը բանիմաց, ոլորտին լավ տիրապետող մասնագետ է, համոզված եմ, որ այնտեղ պետք կգա»,- նշեց Վարդան Վարդանյանը:

Նախկին նախարարն այժմ զբաղվում է բիզնեսով եւ կուսակցական գործունեությամբ: Նրա բիզնես գործունեությունը գյուղատնտեսության` ձկնաբուծության, այգեգործության ոլորտում է, ինչպես նաեւ սպասարկման ոլորտում, ռեստորան ունի:

Նշենք, որ Հարություն Քուշկյանը 2007-2012թթ եղել է Հայաստանի առողջապահության նախարարը, իսկ 2012թ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ եւ զրկվեց նախարարական պորտֆելներից, Քուշկյանը զբաղվում էր «Նաիրի», «Էրեբունի» բժշկական կենտրոնների հարցերով: ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնում Հարություն Քուշկյանի նշանակումը եղել է մարտի 14-ին։ Նա դիմում է գրել եւ դուրս եկել ԲՀԿ-ից: