Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 30-ին «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանը պոկվել է եւ դերասանը ընկել է, ինչի հետեւանքով նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց թատրոնի գլխավոր հաշվապահը՝ Անաիդա Այվազյանը:
Դերասան Վազգեն Մազլուխանյանն այժմ գտնվում է «Վանաձորի» հիվանդանոցում, նրա թեւը ջարդվել է, այժմ գտնվում է գիպսի մեջ, իսկ թատրոնի կոլեկտիվը պարբերաբար այցելում է նրան տեսության: «Միջադեպը եղել է ներկայացման վերջում, դերասանը պարանից կախված է եղել, պարանը կտրվել է, պատճառը պարանի որակն է, խնդիրն այն է, որ վաճառքի պարանները անորակ են»,-պարզաբանեց գլխավոր հաշվապահը:
Նշենք, որ «Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկու օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ պոկվել է պարանը, որի հետեւանքով դերասաններից մեկը երկու հարկ բարձրությունից ցած է ընկել` կոտրել ուսը եւ վնասել կոնքը: Դերասանն այս պահին գտնվում է հիվանդանոցում: Սկսվել է հետաքննություն: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով այսօր թատրոն են այցելել իրավապահները:
Մեր տեղեկությունների համաձայն՝ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը քիչ գումար ծախսելու համար տեխնիկական մասը լավ չի ապահովել, որի հետեւանքով պարանը պոկվել է եւ դերասանը հայտնվել ծանր վիճակում:




























