News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 26-ի նիստում սկանդալ է եղել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը՝ լքելով դահլիճը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:

Նա նշեց, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 2015թ հունվարի 1-ից Երեւանի քաղաքապետարանի 1782 աշխատակիցների մինչեւ 15 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու հարցը: Քննարկման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացրել է  իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ սոցիալական այսպիսի լարված եւ սուղ բյուջեի պայմաններում անընդունելի է այդ փոքր եկամուտները ամբողջությամբ ուղղել միայն աշխատավարձերի բարձրացմանը: «Տարոն Մարգարյանը չթողեց ավարտեմ խոսքս, չթողեց նույնիսկ ասեմ, որ դեմ ենք քվերակելու, ինձ իմպերատիվ զրկեց ձայնից:»,-ասաց նա:

Այնուհետեւ Ֆինանսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը եւ քաղաքապետը հայտարարում են, որ խոսքը 7000 համայնքային աշխատակիցների մասին է, ինչը հարցեր է առաջացնում, քանի որ որոշման նախագծում ընդամենը 1782 աշխատակից է նշված եղել: Քվեարկությունից առաջ Թամարա Պողոսյանը կանոնակարգով իրեն վերապահված  ձայնի իրավունք է խնդրում, որպեսզի պարզաբանի այդ թյուրիմացությունը, սակայն այս անգամ եւս նրան ձայն չեն տալիս: Փոխարենը, Թամարա Պողոսյանի փոխանցմամբ, քաղաքապետը իրեն ասում է, թե գնացեք հրապարակում միտինգ արեք:

Այնուհանդերձ, քվեարկությունը տեղի ունեցավ, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց եւ դրանից հետո մեկ անգամ եւս վարման կարգի վերաբերյալ փորձեց պարզաբանում մտցնել, սակայն այս անգամ եւս Տարոն Մարգարյանը թույլ չտվեց նրան խոսել: Ի պատասխան բողոքի՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ավագանու նիստը՝ լքելով դահլիճը: Թամարա Պողոսյանը իր վրդովմունքը հայտնեց, որ նման լուրջ փաստաթուղթը կարող են խեղաթյուրել եւ ճշտումներ մտցնելու հնարավորություն չտալ, մի ամբողջ խմբակցության իմպերատիվ ձեւով զրկել ձայնից:

Տպել
Ամենաշատ