Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, համոզված է, որ իր որդուն սպանել են։ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ ինքը պահանջում է միայն մեղավորներին պատժել։

«Ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ՝ ինչ է եղել, բայց պատժեք բոլոր մեղավորներին։ Մի բան գիտեմ, որ Հայաստանի քսան տոկոսը սաֆարովներ են, մնացածը դուք գիտեք, ձեզ եմ թողնում որոշումը։ Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ որդուս սպանել են»,-բարկացած ասաց նա։

Հովակիմյանի փաստաբան Ալավերդյանն էլ հայտարարեց, որ քննությունը բազմակողմանի չի անցել եւ դատաքննությունը պետք է վերսկսել։

«Վերաքննիչ բողոքների վերաբերյալ դիրքորոշում չունենք, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց նա։

Նիստը հետաձգվեց, նշանակվեց հունվարի 29-ին։

Հիշեցնենք, որ  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող  20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է  7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։