Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 6-ին, արձանագրված երկրաշարժից հետեւանքով որեւէ վնաս չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ շատ թույլ են զգացել երկրաշարժը, հիմնականում՝ Մարտունիի, Գավառի տարածքում:

«Առավոտյան 5.35 էր, ջահերը շարժվում էին տանը, վեր կացա, պտտվեցի, շատ թեթեւակի էր, բայց զգացի: Բարեբախտաբար, մարզում որեւէ վնաս չկա գրանցված երկարաշարժից»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ իրենց մոտ այդքա հաճախակի չեն լինում երկրաշարժերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.260 եւ արեւելյան երկայնության 45.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Երանոս գյուղում` 3-4 բալ, իսկ Երեւան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: