NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ուլրիկե Լունաչեկն իր տեսակետը ներկայացրեց Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի, այդ հարցում անձնական պատասխանատվության եւ Թուրքիայի հետագա քայլերի մասին:

Մի քանի բառով ներկայացրեք, խնդրեմ, Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի մասին Ձեր տեսակետը:

Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը, ովքեր կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւին, եվրոպական համերաշխություն ցուցաբերեցին հայ ժողովրդի հետ եւ ընդգծեցին 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն հիշատակելու անհրաժեշտությունը:

Որքանո՞վ բանաձեւը կարող է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հակակշիռ դառնալ:

Դա հստակ հաղորդագրություն է: Սակայն բանաձեւի օգտին մեծ աջակցությունը չպետք է մեկնաբանել որպես Թուրքիա կամ թուրքական կառավարության հանդեպ թշնամանքի նման: Հակառակը, բանաձեւը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որոնցում նրանք ցավակցություն հայտնեցին եւ ընդունեցին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված դաժանությունը: Սակայն բանաձեւը նաեւ հետագա քայլեր է պահանջում. բացել Թուրքիայի արխիվները, ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակել քայլեր ձեռնարկել՝ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ:

Ինչպիսի՞ն են լինելու Ձեր հետագա քայլերը:

Ես շարունակելու եմ առաջ տանել այդ ուղերձը: Եվ, հաշվի առնելով իմ երկրի՝ Ավստրիայի պատմությունը՝ որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակից, ես առանձնակի պատասխանատվություն եմ զգում խրախուսել այդ ողբեգրության ուսումնասիրումը նաեւ իմ երկրում:

Զրուցեց՝ Տաթեւիկ Ղազարյանը