Ես Հանրապետական կուսակցության կարգապահությունը չեմ խախտել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Քինգ դե լյուսք» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված թեկնածու Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:
Նա շեշտեց, որ որեւէ բան չի խախտել, իրեն այսօր զանգել եւ հայտնել են, որ հեռացրել են Հանրապետականից: Հարցին, թե փորձելու եք հանդիպել ՀՀԿ ղեկավարների հետ՝ ճշտելու իրավիճակը, թեկնածուն ասաց, որ եթե որոշել են հեռացնել, դա իրենց իրավունքն է, ոչինչ էլ չի փորձելու: «Ցավում եմ, որ մարդիկ ճիշտ չգնահատեցին իրականությունը: Եթե մարդ գնում է պայքարի, ինքը պետք է միանշանակ չմտածի շահելու մասին, պայքարի ընթացքում լինում են կորուստներ, ես այդ ամեն ինչը կանխատեսել եմ, ես իշխանության դեմ դուրս չեմ եկել: Երբ ես անդամագրվել եմ ՀՀԿ-ի շարքերը, պաշտպանել եմ Անդրանիկ Մարգարյանի,Սերժ Սարգսյանի գաղափարները, շարունակելու եմ պաշտպանել, իսկ սա ընդամենը ընտրապայքար է: Ես չունեմ թշնամիներ, մարդկանց հանդեպ լավ եմ տրամադրված»,-ասաց Արթուր Հարությունյանը: Հարցին, թե չի վախենում ճնշումներից, «Քինգ դե լյուքսի» ղեկավարն ասաց, որ եթե ճնշումներ կլինեն, թող լինեն, նորմալ, բնականոն երեւույթ է:
Նշենք, որ ՀՀԿ-ն Արթուր Հարությունյանին հեռացրել է կուսակցությունից կարգապահությունը խախտելու համար: Նա առաջադրել է իր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, իսկ ՀՀԿ-ն որոշել է այդտեղ սատարել որպես Ծառուկյանի օգնական եւ թեկնածու հայտնի Վահագն Գեւորգյանին: Երկու թեկնածուներից բացի՝ ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մայիսի 17-19-ը: Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:





























