Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Մացակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է քրօրի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Նշենք, որ 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: «Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»,- նշված է հոդվածում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Մացակյանը Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել:
«Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել:
Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:
Նշենք, որ Մարիամ Մացակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից:




























