ՀՀ կենտրոնական բանկն այսօր` հոկտեմբերի 8-ին որոշել է ուժը կորցրած ճանաչել ռուսաստանյան «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջից:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում (այդ թվում՝ հաճախորդներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում) պարզվել է, որ «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի օպերատորը, առանց որեւէ պատճառաբանության, բազմիցս չի ապահովել ՀՀ տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:

ՀՀ ԿԲ-ն գրությամբ այդ մասին տեղեկացրել է «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի օպերատորին, եւ առաջարկել է անհապաղ ապահովել Համակարգի մասնակից բանկերի բոլոր տարածքային ստորաբաժանումների սպասարկման հնարավորությունը: Սակայն մինչ օրս Համակարգի մասնակից հայաստանյան բանկերի որոշ տարածքային ստորաբաժանումներ զրկված են «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով փոխանցումներ իրականացնելու հնարավորությունից:

Նշենք, որ «Զոլոտայա Կորոնան» մտնում է Ռուսաստանի «Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն» խմբի մեջ: Այս համակարգը 2003 թ.-ից ապահովում է դրամական փոխանցումների իրականացումը առանց հաշիվ բացելու: Համակարգը ծառայություններ է մատուցում հետխորհրդային ողջ տարածքում, ինչպես նաեւ դրամական փոխանցումներ է կազմակերպում դեպի աշխարհի 200 երկրներ: