Ոստիկանությունում ավարտվել է նախորդ տարի հունիսին Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա կնոջ` մկնասպան պատրաստուկ խմելու եւ երկու անչափահաս երեխաներին նույն պատրաստուկը խմեցնելու դեպքի վերաբերյալ նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գործը ուղարկվել է դատարան:

Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ գործը վարույթ է ընդունվել 2012թ տարեվերջին: Այն քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության` Ք. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հունիսի 13-ին ժամը 10-ի սահմաններում անասնաբուժական դեղորայքի առեւտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լիներու նպատակով խմել է ինքը եւ խմեցրել է իր երկու անչափահաս որդիներին: Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  Դատաքննությունը ընթացքի մեջ է,  դատարանը վճիռ չի կայացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին: Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Բարեբախտաբար թե մայրը, թե երեխաները կենդանի են մնացել: Ոստիկանությունում հարուցվել էր քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (սպանության հանցափորձ):