Հայաստանի Հանրապետության 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ այսօր՝ հունիսի 5-ին, վիճեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը;
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ է կառավարությունը վաճառքի հանել Որոտանի հիդրոհամակարգը, թեեւ այն արդյունավետ աշխատող պետական ձեռնարկություն է:
«Մենք վաճառքի չենք հանել»,- պատասխանեց Ա. Մովսիսյանը, թեեւ մինչ այդ հայտարարել էր, որ Որոտանի կասկադը ներառված է սեփականաշնորհման ծրագրում: Ա. Մինասյանի զարմացական դիտողությանն ի պատասխան, Ա. Մովսիսյանը հայտարարեց. «Որոտանի կասկադը կառավարությունը չի վաճառում, դուք եք վաճառում, ԱԺ-ն է վաճառում, որովհետեւ դուք եք 10 տարի առաջ այն ընդգրկել մասնավորեցման ծրագրի մեջ»:
Վիճաբանությանը ընդմիջեց նիստը վարող Վարդան Այվազյանը, դիմելով Ա. Մինասյանին. «Բա որ ասում էի շատ մի խոսա, մեղավոր դուրս կգա՞նք»:
Էներգետիկայի նախարարը, հիմնավորելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը, ասաց, որ այն 40 տարի առաջ է կառուցված, արդեն ֆիզիկապես մաշված է, ու լուրջ ներդրումներ են անհրաժեշտ կայանների կյաանքը մի քանի տարով երկարաձգելու համար:



























