Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզի մսուրի խմբի 16 սաներ հոսպիտալացվել են սուր շնչառական ինֆեկցիայով, որը ոմանց մոտ բարդացած է մենինգիտով:

Երեք երեխաներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռոստովի մարզի առողջապահության նախարարությանը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 2-ին հիվանդանոց տեղափոխված մսուրի խմբի սանի մոտ ախտորոշվել էր «սուր թարախային մենինգոէնցեֆալիտ», ավելի ուշ նա մահացել էր:

Զննության ընթացքում 11 երեխաների մոտ հիվանդության հարուցիչ պնեւմոկոկ են հայտնաբերել: Սակայն առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի բացառել խառը վարակների առկայությունը, ինչի պատճառով էլ վճռվել է շարունակել համաճարակաբանական հետազոտությունը:

Մանկապարտեզի վարիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «անփութություն» հոդվածի հատկանիշներով: