Սեպտեմբերին նախատեսված Օբամա-Պուտին հանդիպումից հրաժարվելու պաշտոնական Վաշինգթոնի որոշումը կապված է ոչ միայն Սնոուդենի գործի, այլեւ մի շարք այլ պատճառների հետ: Այս մասին օգոստոսի 9-ի երեկոյան կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին «մի շարք աճող հակասություններ» են նկատվել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերում, այդ թվում Սիրիայում իրավիճակի կարգավորման եւ մարդու իրավունքների պահպանման խնդիրներում: Օբաման նաեւ նշել է, որ երկկողմ հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի նախագահության ժամանակ, իսկ Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձով Ռուսաստանում ուժգնացել է հակաամերիկյան հռետորությունը:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ կոռեկտ չի լինի ասել, որ իր եւ Պուտինի անձնական հարաբերությունները վատ են, հաղորդում է Lenta.ru-ն:
Առանձին անդրադառնալով Էդվարդ Սնոուդենի թեմային, Օբաման նշել է, որ ԿՀՎ տվյալները բացահայտողին հայրենասեր չի համարում: Նա կարծիք է հայտնել, որ եթե Սնոուդենն իսկապես իր գործողությունները ճիշտ է համարում, նա պետք է վերադառնա ԱՄՆ եւ պաշտպանի իր դիրքորոշումը դատարանում:
Մամուլի ասուլիսում Օբաման նաեւ հայտարարել է, որ չի պաշտպանում մի շարք իրավապաշտպանների եւ ամերիկացի սենատորների կոչը՝ բոյկոտել Սոչիի օլիմպիադան՝ Ռուսաստանում նույնասեռականների դեմ ընդունված օրենքի պատճառով: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ամերիկյան նույնասեռական մարզիկները մեդալներ կբերեն այդ օլիմպիադայից:
«Եթե Ռուսաստանի հավաքականում չկան գեյեր ու լեսբուհիներ, հնարավոր է, դա թուլացնի նրանց»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Օբամա-Պուտին հանդիպումը պետք է կայանար Մոսկվայում, սեպտեմբերին, Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովի նախօրեին: Այդ հանդիպումից հրաժարվելու Օբամայի որոշման մասին հայտնի է դարձել օգոստոսի 7-ին: Միաժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Օբաման կմասնակցի G20-ի գագաթաժողովին:




























