Հայաստանի և Սլովենիայի համագործակցությունը զարգանում է՝ ընդգրկելով նորանոր ուղղություններ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին սլովենացի գործընկեր Թոմ Կայզերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Կայզերին ուղեկցում է սլովենացի գործարարների պատվիրակությունը, և այսօր Երևանում մեկնարկում է հայ-սլովենական գործարար համաժողովը։ Այսօր նախարարները ստորագրել են նաև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնել է Միրզոյանը, ասուլիսին նախորդած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային բնույթի հարցերի լայն շրջանակ և գոհունակությամբ արձանագրել քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Նախարարի խոսքով՝ կան հստակ ուղղություններ, հաջողված փորձով ծրագրեր և երկուստեք պատրաստակամություն՝ տնտեսության, առողջապահության, արդարադատության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում օրակարգը առաջ մղելու համար։ Միրզոյանը հատուկ ընդգծել է Սլովենիայի փորձը ՀՀ-ում ներդրված բժշկական ապահովագրության համակարգում։

Նախարարը փաստել է, որ 8 ամսվա կտրվածքով առևտրատնտեսական հարաբերությունների ցուցանիշը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա տվյալները։ Վատ լուրն այն է, որ թվերը դեռևս մեծ չեն, նկատել է Միրզոյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը պատերազմից տուժած երեխաներին աջակցելու կարևոր ծրագրի համար։

«Խոսել ենք տարածաշրջանային գործընթացների մասին։ Ներկայացրել եմ խաղաղության օրակարգը, բոլոր 4 անմիջական հարևանների և Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- հայտնել է Միրզոյանը։ Նա ելույթը եզրափակել է՝ մատնանշելով Հայաստանում և Սլովենիայում մեղրի ու մեղուների նկատմամբ վերաբերմունքի նմանությունը, և ընդգծել, որ կողմերն աշխատելու են մեղուների պես։

Իր հերթին Թոմ Կայզերը համակարծիք է եղել ասվածի հետ՝ հավելելով, որ 2010 թվականից ի վեր սա գործարար պատվիրակության ուղեկցությամբ նման առաջին այցն է։ Նախարարի խոսքով՝ դա վկայում է հիանալի հարաբերություններն էլ ավելի բարելավելու մտադրության մասին։ Կայզերը հայտնել է, որ Սլովենիայի արտադրանքի 80 տոկոսը նախատեսված է արտահանման համար, իսկ գործարար համաժողովը կոչված է նոր հարաբերությունների սկիզբ դնելու համար։

«Սլովենիան բարենպաստ պայմաններ է առաջարկում բիզնեսի համար»,- շարունակել է նախարարը՝ հիշեցնելով, որ գտնվելով Կենտրոնական Եվրոպայի ուղիների խաչմերուկում՝ Սլովենիան լոգիստիկ հիանալի հնարավորություններ և ելքեր է ապահովում դեպի Շենգենյան գոտու երկրների միջերկրածովյան նավահանգիստներ։ Նրա խոսքով՝ առևտրաշրջանառությունը դեռևս չի արտացոլում երկու երկրների ներուժը, սակայն կան մեծ հեռանկարներ։ Չնայած ուղիղ չվերթների բացակայությանը՝ Սլովենիայի ավելի ու ավելի շատ բնակիչներ են հետաքրքրություն ցուցաբերում գեղեցիկ Հայաստանի նկատմամբ, և զբոսաշրջության զարգացումը պետք է հանձնարարական դառնա դեսպանների համար, նկատել է Կայզերը։ Նա առանձին անդրադարձել է նաև ավիացիայի և պաշտպանության ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ «Առանց անվտանգության բարգավաճումն անհնար է։ Սլովենիան ՆԱՏՕ-ի անդամ է, և դա համագործակցության լրացուցիչ տարր է»,- կարծում է նախարարը։