ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հունիսի վերջին մնաց Ռուսաստանում, քանի որ Կուբայի իշխանություններն ԱՄՆ-ի ճնշման տակ որոշել Հավանայում թույլ չտալ օդանավի վայրէջքը, եթե դրանում գտնվի Սնոուդենը:

Ըստ «Կոմերսանտի»` Կուբայի իշխանություններն այդ մասին տեղեկացրել էին Մոսկվային: Պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է թերթի պնդումը. Կուբան իսկապես այն պետությունների շարքում է, որոնք ԱՄՆ-ից նախազգուշացում էին ստացել, որ Սնոուդենին  ցուցաբերած ցանկացած օգնություն «անցանկալի հետեւանքներ» կունենա: Ընդ որում, ըստ ռուսական պետկառույցների աղբյուրի, Մոսկվայում հուսով են եղել, որ հունիսի 23-ին  «Շերեմետեւո» օդանավակայան ժամանած Սնոուդենը Հավանա կմեկնի: 

Բացի դրանից, «Կոմերսանտին» հայտնի է դարձել, որ մինչ Հոնկոնգից Մոսկվա ժամանելը Սնոուդենը մի քանի օր անցկացրել է ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում  (այնտեղ նշել է նույնիսկ իր 30-ամյակը):  Ընդ որում, Սնոուդենին այնտեղ ոչ ոք չէր հրավիրել, նա անձամբ էր դիմել գլխավոր հյուպատոսություն` հայտնելով, որ մտադիր է ապաստան խնդրել Լատինական Ամերիկայի երկրներից, եւ Մոսկվայով Հավանա մեկնելու տոմս էր ներկայացրել:

Էդվարդ Սնոուդենը լրատվամիջոցներում տեղեկություններ էր հրապարակել ամբողջ աշխարհով քաղաքացիներին հետեւելու ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսման մասին: Նա Հոնկոնգ էր փախել ԱՄՆ-ից, որը նրա արարքը պետական դավաճանություն է դիտարկում:  Մեկ ամսից ավելի անցկացնելով  Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում` հուլիսի 31-ին Սնոուդենը ժամանակավոր ապաստան էր ստացել Ռուսաստանում: