Եզնիկ Կողբացի փողոցի տներից մեկի բակում սեպտեմբերի 5-ի գիշերը մարզական կազմվածքով 7-8 հոգու կողմից ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանի քթի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա հետ ծեծի ենթարկված Հայկակ Արշամյանը եւ ավելացրեց, որ Սուրենն այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

«Պարբերաբար պետք է գնա հիվանդանոց ստուգման: Քիթը կոտրված էր, վիրահատել, ուղղել ու գիպս են դրել: Հիմա տանն է»,- ներկայացրեց Հայկակ Արշամյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց դեռ ոստիկանություն չեն հրավիրել:

«Դեռ ձայն չեն հանում: Ասում են երկուշաբթի կգնանք դատական բժշկի: Ստացվում է  դեպքից 4 օր անցնում է, նոր տանեն դատական բժշկի, որ կապտուկներն արդեն լավացած լինեն: Իսկ հարկայինի մոտ տեղադրված տեսախցիկները դեռ տեղում են: Իրենք պարտավոր էին տեսախցիկները արդեն վերցրած եւ նայած լինեին»,- ասաց Հայկակ Արշամյանը:

Ավելի վաղ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից  փոխանցեցել էին, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա Սուրեն Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Տեր-Գաբրիելյան եւ Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրենց:  Ժամը 23.20-ին էլ  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում: Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն:  Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Իսկ Հայկակ Արշամյանը պատմել էր. «Մարզված հաստավզեր էին: Նրանք կոնկրետ նպատակով գիտեին ինչի համար էին եկել: Ոստիկանությունը եւ շտապօգնությունը շատ շուտ արձագանքեցին մեր կանչին եւ եկան»: Նա նաեւ հավելել էր, որ այս գործողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ իրենց պայքարին: