Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, կոչ է արել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին «խելքի գալ»՝ պնդելով, որ Թբիլիսին շրջանցող երկաթուղու շինարարությունը դադարեցվել է միայն այն պատճառով, որ դրանով զբաղվում են «Միշան ու Գիգին» (Ուգուլավան՝ Թբիլիսիի քաղաքապետը):
Նա նշել է, որ «ԻնգուրՀԷԿ»-ից հետո, Վրաստանում նման զանգվածային շինարարություն չի իրականացվել եւ դա պատմական նշանակության շինարարություն է: Շինարարությունն 80 տոկոսով ավարտին է հասցվել եւ դրա վրա միլիոնավոր լարիներ են ծախսվել:
«Ոչ նախորդ դարերում, ոչ Խորհրդային Միության ժամանակներում նման զանգվածային շինարարություն չի իրականացվել: Ո՞ր հիվանդի ուղեղին է նման բան փչել… Որեւէ ռացիոնալ փաստարկ չեմ տեսնում այն դադարեցնելու համար, բացի նրանից, որ դա մենք էինք անում: Դիմում եմ վարչապետին եւ կոչ անում խելքի գալ, քանի որ այդ որոշումը ինքն անձամբ է կայացրել: Դա Թբիլիսիի ապագան է»,-հայտարարել է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ «մառախուղը վաղ թե ուշ ցրվելու է» եւ մարդիկ հասկանալու են, թե ինչ է տեղի ունեցել այս մի քանի ամիսների ընթացքում, փոխանցում է «Ինտերպրեսս Նյուսը»:
«Դադարեցնել այդ նախագիծը, քանի որ դրանով զբաղվում էին Միշան ու Գիգին: Դա արել է նա, ով ատում է Թբիլիսին եւ չի մտածում երկրի ապագայի մասին: Ես հազվադեպ եմ այսքան զայրացած եղել: Սա անցնում է բոլոր սահմանները»,-հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:





























