Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոն (Իսրայել Սարգսյան) «Դուքենդո» ֆեդերացիայում աշխատում էր որպես անվտանգության ծառայության պետ, ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի տեղակալ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա առանձին, փոքր դրվագներում նկարահանվել է նաեւ Գոռ Վարդանյանի ֆիլմերում: Մեր տեղեկություններով՝ բացի ֆեդերացիայում պաշտոն զբաղեցնելուց՝  Իսոն նաեւ մարզվում էր, սիրողական զբաղվում էր դուքենդոյով:  Իսրայել Սարգսյանը ամուսնացած է, ունի երեխա: Իսկ թե ինչն է պատճառը, որ նա սպանել է Թեւոսիկի եղբորը, NEWS.am-ի նախնական տեղեկություններով, վերջինս խնդիրներ ուներ թե քրեական հեղինակության, թե նրա եղբոր հետ, ըստ որում՝ դրանք կապված էին ոչ միայն մարդկային կյանքերի, այլեւ մեծ գումարների հետ:

Դուքենդո ֆեդերացիայից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Իսրայել Սարգսյանը եղել է անվտանգության հետ կապված ֆեդերացիայի անդամ, նրա լիազորությունները դադարեցվել են դեկտեմբերի 30-ին: Ֆեդերացիայից փոխանցեցին, որ իրենք բազմաթիվ անդամներ են ունեցել, ովքեր արժանի են, շարունակել են մնալ իրենց հետ, ովքեր ոչ, գնացել են: «Գոռ Վարդանյանը նման մարդկանց չի պահում իր կողքը, նա  երեխաների հետ է շփվում, պարապում, ինչպե՞ս կարող է նման մարդկանց պահել իր մոտ, իհարկե, եթե իրեն ներկայացված մեղադրանքը հաստատվի»-հայտնեցին ֆեդերացիայից:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

Հիշեցնենք, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: