Թիվ 139 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանը, այսօր` փետրվարի 4-ին, ծեծել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ին պատմեց Շահեն Հարությունյանը, որը նաեւ գրառում է արել դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում։

Շահենի խոսքով՝ ուսուցչի հետ հարաբերությունները վաղուց են լարված, եւ նա բազմիցս անձնական վիրավորանքներ է հասցրել իրեն. «Մեր դասարանում շատ աղջիկ կա, երկար ժամանակ ասում էր՝ դու էլ ես շուտով աղջիկ դառնալու: Ասում էր՝ շուտով դու էլ մանիկյուր կքսես, մազերդ կերկարացնես։ Ես կատակի է տալիս։ Հետո կռվի թեման դարձավ Հայաստանի անկախությունը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, ու չենք լինի,որ Ռուսաստանի ստրուկն ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: Ես առարկեցի: Նա ասաց, որ հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ Հայստանը պետք է անկախ լինի, և դրա համար մենք պետք  պայքարենք»,- պատմեց Շահենը։

Ուսուցչի եւ աշակերտի միջեւ լարվածությունը գագաթնակետին է հասել այսօր։ ՀՀ պետական օրհներգի կատարման ժամանակ դասարանի աշակերտները ամեն անգամվա նման սկսել են ծիծաղել, Շահենը նույնպես։

«Ես էլ ունեմ զգացմունքներ, և ստացվեց, որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ՝ ասելով, որ ես ոչխար եմ, անարժան և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի՝ մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց՝ հիմա տանեմ, սենյակում քեզ ծեծե՞մ, թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի՝ չեք կարա ծեծեք ինձ, ասեց՝ գնում ենք տնօրենի մոտ»,- պատմեց Շահենը։

Տնօրենը զբաղված է եղել, ուսուցիչն ու Շահենը վերադարձել են դասարան, որտեղ, Շահենի խոսքով, մայորը շարունակել է վիրավորել իրեն։ Շահենը զգուշացրել է, որ եթե շարունակի դիպչել իր արժանապատվությանը, ինքը կխփի, չնայած դրան՝ ուսուցիչը չի հանգստացել եւ հարվածել է Շահենի կրծքին։ Ի պատասխան, Շահենը ոտքով հարվածել է նրան. «Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի, սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Փորձեց իմ հետեւից վազել, աշակերտները միջամտեցին ու թույլ չտվեցին։ Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ՝ ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում»։

Շահեն Հարությունյանն ասաց, որ վաղը պատրաստվում է կատարվածի մասին ֆեյսբուքյան իր գրառումը ներկայացնել դպրոցի տնօրենին։ Ուսուցչի հետ կապվել NEWS.am-ին չհաջողվեց։