«Դուքենդո»  ֆեդերացիայում հայտնաբերված մեծ քանակությամբ զենքը նախատեսված էր ֆիլմերում նկարահանումների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Դուքենդո»  ֆեդերացիայի լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝  երեկ կատարված գործողությունների ընթացքում հայտնաբերվել են նաեւ փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Թեւոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը ֆեդերացիայի անվտանգության պետ չէ, այդ պաշտոնը զբաղեցնում է Արման Մխիթարյանը: «Այդ զենքը նախատեսված է եղել կինոների համար, հետաքրրքվել են, թե երբ ենք նկարել դրանք եւ այլն: Բոլոր ֆիլմերում, որտեղ որ պետք է եղել իրական կադրեր, օգտագործվել է, հետագայում դրանք պետք է հանձնվեին, բայց Գոռ Վարդանյանը Հայաստանում չէր, իսկ քանի որ դրանք տրամադրված էին իրեն, ոչ մեկ իրավունք չուներ դրանց կպնելու: Փորձաքննություններ են դեռ նշանակված, ամեն ինչ կպարզվի»,- հայտնեցին ֆեդերացիայից:

Նրանք տեղյակ չէին, թե այդ զենքերի համար Գոռ Վարդանյանը համապատասխան փաստաթղթեր ունի, թե ոչ, միայն տեղյակ է, որ դրանք ֆիլմերի համար են նախատեսված եղել: Լրատվական ծառայությունից հայտնեցին նաեւ, որ իրենց ֆիլմերը հովանավորում էին եւ երկրի նախագահը, եւ պաշտպանության նախարարը եւ տրամադրում էին զենքերը, զինամթերքները:

Թե Գոռ Վարդանյանը, թե  Հայկ Վարդանյանը, այժմ գտնվում են ԱՄՆ-ում, Հայկ Վարդանյանը Հայաստան պետք է վերադառնա փետրվարի 8-ին, թեեւ հնարավոր է ավելի վաղ վերադառնա:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը

Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ եւ «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:

Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանական բաժին:

Նշենք, որ ֆեդերացիայի նախագահը Գոռ Վարդանյանն է: Նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Իսրայել Սարգսյանը եւս այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: