News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

5-րդ բրիգադը, իսկապես, Շահումյանում չի եղել, բայց Սամվել Ալեքսանյանը մինչ այդ եղել է Շահումյանում՝ ջոկատում, իսկ 1993թ միացել է 5-րդ բրիգադին եւ մոտ 1-1,5 տարի մասնակցել արցախյան հերոսամարտին Ֆիզուլիում, Մարտակերտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը («Պալկովնիկը»):

Նա պատմեց, որ երբ 1993թ Սամվել Ալեքսանյանը կամավոր եկավ իրենց մոտ, իրենց շտաբը «Դոսաֆի» շենքում էր: Այդ ժամանակ հրամանատարը Մանվել Գրիգորյանն էր, եւ Սամվել Ալեքսանյանին սկզբից ցանկանում էին նշանակել «Երեւանի» գումարտակի թիկունքի պետ, այնուհետեւ նշանակեցին բրիգադի թիկունքի պետի օգնական: «Այդ թվականից եղել է մեզ հետ, եղել է Ֆիզուլիում, Մարտակերտում: Ինքը եղել է, ես կարող եմ վկայել, նույնիսկ հրամանի համարը ցույց տալ բոլոր կասկածողներին: Մեր Սամվելը եղել է թիկունքում, իսկ պատերազմի ժամանակ ամեն մի զինվորական ուներ իր պարտականությունները, ո՞նց կարող ենք ասել, որ նա չի կռվել, նա մատակարարել է առաջին գծում գտնվող զինվորներին ամեն ինչով՝ զենքով, սննդով, հագուստով»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն Սամվել Ալեքսանյանը զենքը ձեռքին չի կռվել, «Պալկովնիկն» ասաց, որ մի պահ, երբ թվաքանակը չէր հերիքում, թիկունքը, շտաբը, բուժանձնակազմը՝ բոլորը մեկ մարդու պես, զենքները ձեռքին, առաջին գծում կռվել են, այդ թվում՝ Սամվելը:

Իսկ մինչ 5-րդ բրիգադին միանալը, Ֆրունզե Ավագյանի խոսքով, Սամվել Ալեքսանյանը եղել է Շահումյանում՝ ջոկատներում, ինչպես իրենց բրիգադից շատ-շատերը: Հարցին, թե միգուցե նա ոչ թե կռվել է, այլ պեսոկի բիզնեսով է զբաղվել, ինչպես ասում են ազատամարտիկները, «Պալկովնիկն» այսպես մեկնաբանեց.«Այդ ընթացքում, երբ մեր մոտ էր, հնարավորություն չէր ունենա ինչ-որ բիզնեսով զբաղվել, միգուցե հետո պեսոկով, պեչենիով է զբաղվել: Ես շատ լավ եմ հիշում Սամվելին՝ ջահել, գանգրամազ, սիրունիկ տղա էր, բոյով, բուսաթով, ստրոյնի, ես էի կազմել հրամանի պրոյեկտը, որ իրեն ընդունեն աշխատանքի, շատ լավ հիշում եմ իրեն այն ժամանակ: Իրեն չեմ տեսել թաքնված ոչ մեկի թիկունքում, բարեխղճորեն կատարել է իր պարտականոթյունները: Այն ժամանակ շատ ջահելներին ճուտեր էինք ասում, բայց իրեն Ալեքսանյան կամ Սամվել էինք ասում: Ես հետո եմ իմացել, որ իր ածական անունը Լֆիկ է, չեմ իմացել ու չեմ էլ լսել, հետո որ ասել են Լֆիկ, Լֆիկ, էդպես եմ իմացել, որ դա մեր Սամվելն է»,- պատմեց Ֆրունզե Ավագյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այժմ շատ է ապատեղեկատվություն տարածվում տարբեր դրդապատճառներով՝ նախանձ, չուզողություն, ատելություն եւ այլն:

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել էր, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է 5-րդ բրիգադում։

Ավելի ուշ «Ազատության» լրագրողի հարցին, թե կոնկրետ որ շրջանի մարտերին է մասնակցել Սամվել Ալեքսանյանը, գործարար պատգամավորը պատասխանել էր. «Շահումյանում»։ Իսկ 5-րդ բրիգադի  տանկային գումարտակի  հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 5-րդ բրիգադը Շահումյանում երբեք չի եղել, իսկ Սամվել Ալեքսանյանը արցախյան ազատամարտին չի մասնակցել։

Ի դեպ, ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանն էլ ասել էր, թե «էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով էր զբաղված, եւ եթե Շմայսը մի փոքր արդարություն ունենա իր մեջ, կասի, որ Սամվել Ալեքսանյանը երբեք չի կռվել Ղարաբաղում»: Դրան, ի պատասխան, Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց 1993թ Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, Սամվել Ալեքսանյանը մեզ հետ կռվել է՝ մեր կողքին»

Տպել
Ամենաշատ