Շվեդիայի կառավարությունը մտադիր է ամրապնդել պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ ոլորտում համագործակցել հյուսիսային այլ երկրների հետ, սակայն շվեդները ՆԱՏՕ-ին չեն անդամակցի: Այս մասին տեղեկացնում է «Վեստի Էկոնոմիկա» կայքը՝ հղում կատարելով Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին:
«Շվեդ ժողովուրդը քվեարկել է կառավարությունում փոփոխությունների եւ քաղաքական նոր ուղղության օգտին: Նախարարների կաբինետն այսօր պատրաստ է ստանձնել այդ խնդիրը»,- խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Լյովենը:
Ըստ կայքի, արտաքին քաղաքականության շրջանակում նոր կառավարությունն աջակցելու է «Իսլամական պետության» դեմ ՄԱԿ-ի պայքարին, ինչպես նաեւ մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքներով հաղթանակեց կարմրա-կանաչ ընդդիմությունը. Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը, Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունն ու Ձախ կուսակցությունը:





























