Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ Դատախազությունից ուղարկված փաստաթղթերը երեկվա դրությամբ Արդարադատության նախարարությունը դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նախարարությունից: Իսկ թե ինչ ընթացակարգ է ենթադրվում նման դեպքում, ԱՆ-ից հայտնեցին, որ դա հստակ կարող են հայտնել փաթեթը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո:
Այսպիսով, Զապի հետ բոլոր հարցերով այսուհետ զբաղվելու է Արդարադատության նախարարությունը: Ըստ օրենսդրության՝ ՀՀ քաղաքացիներին մեր երկիրը որպես կանոն չի արտահանձնում: Նախ պետք է պարզվի՝ Անդրանիկ Սողոյանը ՀՀ քաղաքացի է, թե ոչ: Եթե դրական պատասխան լինի եւ հաշվի առնելով, որ Չեխիայում նրա դեմ արդեն առկա է դատավճիռ, ուստի մեր երկիրը իրավապահ մարմինները կդիմեն Չեխիային՝ համապատասխան նյութերը ստանալու, այնուհետեւ նրա պատիժը կրելու հարցով:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:




























