«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքում են ոչ միայն ներկա պաշտոնյաները, այլ նախկինները: NEWS.am-ի տեղեկություններով՝ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել նաեւ Աժ նախկին նախկին պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը եւ Նապոլեոն Ազիզյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկ») նշեց, որ հենց համագումարի օրն է դիմում գրել ԲՀԿ-ից դուրս գալու: Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանից հետո իմաստ չկա մնալ այդ կուսակցությունում: Մեկ այլ կուսակցության անդամագրվելու նպատակ Զոհրաբ Զոհրաբյանը չունի: Նա նշեց, որ կշարունակի իրականացնել իր ծրագրերը, որոնք միտված են ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելուն:
Իսկ թե ինչու նախկին պատգամավորը չմնաց արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ում, Զոհրաբ Զոհրաբյանն ասաց, որ ընդդիմադիր լինելով՝ ոչինչ չփոխվեց մեր կյանքում եւ ավելի լավ է իրականում գործերով ապացուցենք ժողովրդի հանդեպ տածած հարգանքը, սերը:
Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանը, եւս ԲՀկ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից փորձեցինք պարզել, թե այս պահի դրությամբ ԲՀԿ-ից դուրս գալու քանի դիմում է ներկայացվել, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ այս պահին չի կարող հստակ թիվ ասել:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժ-արվելուց հետո եւ առաջ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել բազմաթիվ պատգամավորներ, քաղաքապետներ եւ գյուղապետեր:





























